Մրցանակաբաշխություն
  • 00

    Օր

  • 00

    Ժամ

  • 00

    Րոպե

  • 00

    Վայրկյան

(+374) 93 35-23-20

info@nairifest.am

Մրցանակաբաշխություն

  • 00

    days

  • 00

    hours

  • 00

    minutes

  • 00

    seconds

(+374) 93 35-23-20

info@nairifest.am

Ռուբեն Մաթեւոսյանը՝ «Նաիրի» փառատոնի, ժողովրդական երգի ու ունկնդրի սիրո մասին

Բաժանորդագրվեք բլոգի նորություններին և եղեք տեղեկացված

Ռուբեն Մաթեւոսյանը՝ «Նաիրի» փառատոնի, ժողովրդական երգի ու ունկնդրի սիրո մասին

Նրա երգացանկն ընդգրկում է հայկական ժողովրդական, աշուղական, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգեր, ռոմանսներ։ Նրա յուրահատուկ ձայնը գերել է անթիվ հայ ու օտարազգի ունկնդիրների: Երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ռուբեն Մաթեւոսյանն այսօրվա սերնդի համար իսկական արվեստագետի չափանիշ է: Չափանիշ, որին ձգտել է պետք:

Բազում մրցանակների արժանացած արտիստն իր «հաղթական պահարանում» շուտով կավելացնի եւս մեկը: ՀՀ մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների, Հայաստանի Կոմպազիտորների միության ու «Նաիրի» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվող «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի «Ժողովրդական երգիչ» անվանակարգի մրցանակն օրեր անց՝ սեպտեմբերի 20-ին հանձնվելու է Ռուբեն Մաթեւոսյանին:

…Ռուբեն Մաթեւոսյանի հետ հանդիպեցինք իր հարազատ Հանրային ռադիոյի շրջակայքում, շենք, որում ձայնագրվում եւ ոսկե ֆոնդն են համալրում Ռուբեն Մաթեւոսյանի կատարմամբ բազում ստեղծագործություններ:

Երգչի հետ խոսել ենք «Նաիրի» փառատոնի ու մրցանակի, ժողովրդական երգի արդիական լինել-չլինելու ու այլ հարցերի շուրջ:

Ռուբեն Մաթեւոսյանը՝ «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի մասին 

Ես պետք է իմ շնորհակալությունն ու գոհունակությունը հայտնեմ կազմակերպիչներին: Համահայկական անվանումն արդեն կարեւորում է ոչ թե գործընթաց, այլ գաղափար: Համահայկական գաղափարը պետք է վաղուց սերմանել մեզանում: Ես եւ իմ տարեկից ընկերները զինվորագրվել ենք այդ կարեւորագույն գործին դեռեւս 60-70-ական թթ., շրջել ենք աշխարհի բոլոր հայկական համայնքներով, կարողացել ենք կամրջել սփյուռքը Հայաստանին մշակույթի, արվեստի, երգի, խոսքի միջոցով: Երջանիկ ու հպարտ եմ, որ այսօր այդ գաղափարով ոչ թե ինչ-որ ընկերություններ, մարդիկ են առաջնորդվում, այլ պետությունը: Այս գաղափարը երկու նախարարությունների միտքն է, ասել է թե՝ պետական մտածելակերպի հաղթանակն է: Շնորհակալ եմ, որ ամեն անգամ չեն մոռանում ոչ թե Ռուբեն Մաթեւոսյանին, այլ Մաթեւոսյանի միջոցով հայ երգը: Ես երախտապարտ եմ իմ հայրենիքին, իմ ժողովրդին, հանդիսատեսին, որն սփռված է աշխարհով մեկ եւ ծափահարել է հայ երգին, ավելի ճիշտ՝ այս դեպքում Ռուբեն Մաթեւոսյանին: Չգիտեմ, խոսքեր չեմ գնում իմ գոհունակությունը հայտնելու համար: Որպեսզի կարողանաք հասկանալ իմ ներաշխարհի հպարտությունը, պետք է ինձ հետ շրջած լինեիք ամբողջ երկրագնդով եւ տեսնեիք ոչ միայն հայրենակարոտ հայի, այլեւ օտարների հրճվանքը եւ ոգեւորությունը, երբ լսում էին հայ երգը:

Մրցանակներն ու արվեստագետը 

Նման մրցանակներն ուշադրություն են, գնահական, կատարածի համագումարը: Մրցանակները շատ կարեւոր են: Ես շատ մրցանակներ եմ ստացել, կոչումներ, շքանշաններ, երբեք չեմ կարող ասել, թե որն է դրանցից բարձրագույնը: Յուրաքանչյուրն իր տեղում շատ կարեւոր է եղել իմ կյանքում: Ծափահարությունն էլ իր հերթին հանդիսատեսի մրցանակն է, գոհունակությունը, շնորհակալությունը: Ես 55-56 տարի երգում եմ նրանց համար:

Ուշադրությունն այն երգի տեսակի նկատմամբ, որը ես եմ ներկայացրել, չի խամրել, միշտ հպարտ հնչել է բոլոր դահլիճներում ու եթերում:

Ռուդիկն ու Ռուբենը 

Ես շատ ուրախ եմ, որ ես Ռուբեն Մաթեւոսյանն եմ, ոչ թե Ռուդիկ Մաթեւոսյանը, ինչպես իմ անձնագրում էր: Ռուդիկ էի մինչեւ 18-19 տարեկանը, շնորհիվ Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության ես ձեռք բերեցի ոչ թե նոր անուն, այլ պարզապես այն անունը, որը պետք է սկզբից դրվեր, լիներ իմը. իմը չէր, հետո իմը  դարձավ: Ինձ կյանքում էլ ավելի շատ Ռուբիկ են ասել, ոչ ոք Ռուդիկ չի ասել: Ծննդյանս օրն էլ եմ փոխել, 1 ամսով փոքրացել եմ, հայրիկիս ծննդյան օրն է դարձել իմ օրը: Անձնագրային վավերացում է եղել՝ իմ ցանկությամբ: Բայց ինձ միշտ շնորհավորում են դեկտեմբերին:

Ժողովրդական երգն ու ժողովրդի սերը 

…եթե անգամ նոր ստեղծագործություններ չգրվեն, մենք այնքան չկատարված ստեղծագործություններ դեռ ունենք, որոնք կյանքի կոչելու համար տարիներ են պետք:

Ժողովրդական երգի նկատմամբ ուշադրությունը եւ ժողովրդի սերը երբեք չի պակասել, գնալով ավելի է լրջանում: Բոլոր ժամանակներում երաժշտության ասպարեզում խրախուսվել է պրոֆեսիոնալ մտածելակերպը: Շատ կարեւոր է՝ ստեղծագործությունն ով է գրել, ինչ է գրել, ինչի համար է գրված, որն է հնչեցման նպատակը: Երգողները շատ են, բայց կցանկանայի, որ կրթվեն որպես երգիչ, հասկական՝ ինչպես չի կարելի երգել, որ այսօր ոչ թե փորձում, այլ հանապազօրյա հաց են վաստակում երգելով: Էլի թող վաստակեն, գումարը հազարապատկվի, բայց միայն թե մասնագիտանան, հետո երգեն: Այն շնորհքը, որ Աստված տվել է, մի օր էլ կվերցնի: Պետք է արտիստը հասկանա, թե ինչպես պետք է օգտագործի իր շնորհքը, որն է իր առաքելությունը՝ գործ անել ի նպաստ արվեստի՞, թե՞ հենց այնպես կանգնել, երգել, սեփական անձը ցույց տալ:

Պատրաստ՝ օգտակար լինելու 

…իմ լավագույն գործը իհարկե պետք է լինի ինձնից հետո լավ սերունդ թողնելը: Ես արդեն թողել եմ, 250-ից ավելի շրջանավարտ եմ ունեցել, այնպես որ ես իմ պարտքը ոչ թե կատարել եմ, գերազանցել եմ: Շատ շրջանավարտներ ունեմ, որ հրաշալի երգիչներ են ոչ միայն այստեղ, այլեւ արտասահմանում, ոչ միայն ժողովրդական ժանրում, այլեւ դասական: Ես ամեն վայրկjան պատրաստ եմ օգտակար լինելու նրան, ով պատրաստ է լսելու…

Աղբյուր ՝ Erit.am
Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի