Մրցանակաբաշխություն
  • 00

    Օր

  • 00

    Ժամ

  • 00

    Րոպե

  • 00

    Վայրկյան

(+374) 93 35-23-20

info@nairifest.am

Մրցանակաբաշխություն

  • 00

    days

  • 00

    hours

  • 00

    minutes

  • 00

    seconds

(+374) 93 35-23-20

info@nairifest.am

Շուշիի ազատագրումից հետո նրա դհոլի հնչյունների ներքո են քոչարի պարել Մոնթեն, Դուշման Վարդանը…

Բաժանորդագրվեք բլոգի նորություններին և եղեք տեղեկացված

Շուշիի ազատագրումից հետո նրա դհոլի հնչյունների ներքո են քոչարի պարել Մոնթեն, Դուշման Վարդանը…

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետությունում նշվեց երկրի անկախության 26-րդ տարեդարձը: Այդ օրն արցախցիներն առանձնահատուկ ուրախությամբ են նշում, այս տարին եւս բացառություն չէր: ՀՀ ժողովրդական վարպետ, «Նաիրի» փառատոնի գլխավոր մրցանակակիր, դհոլահար ԳԱԳԻԿ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ համար ոչ միայն Արցախի անկախության, այլեւ Շուշիի ազատագրման օրը ամենակարեւոր իրադարձություններից մեկն է: Շուշիի ազատագրումից հետո հենց նրա դհոլի հնչունների ներքո են քոչարի պարել Մոնթեն, Դուշման Վարդանը եւ այլ հերոսներ: «Իրավունքի» հետ զրույցում ժողովրդական վարպետը պատմեց ոչ միայն այս կարեւոր իրադարձության մանրամասները, այլեւ ծավալած գործունեությունից եւ «Նաիրի» համահայկական փառատոնին իր մասնակցությունից:

«ԴՀՈԼԸ ԽՓԵԼՈՒ ԳՈՐԾԻՔ ՉԷ, ԱՅՆ ՆՎԱԳԵԼ Է ՊԵՏՔ»

— Ինքնուս եմ, 15 տարեկանից որոշեցի, որ պետք է դհոլ նվագեմ:  Առաջին գործիքը նվիրեց հայրս, որոշ ժամանակ անց տեղեկացա, որ երգի-պարի պետական անսամբլում երաժիշտ ընդունելու մրցույթ կա: Որոշեցի մասնակցել, բայց երբ տեսա, թե ինչ երաժիշտներ էին մասնակցում, մտածեցի` ոչինչ էլ չի ստացվի: Ժյուրիի անդամներից էին Էդգար Հովհաննիսյանը, Վլադիլեն Բալյանը, Խաչատուր Ավետիսյանը եւ այլք: Լսեցին ու որոշեցին` ժամանակավոր ընդունել անսամբլ, բայց այդ մասին ոչինչ չէին ասել, իմացա միայն մեկ ամիս անց, երբ զանգահարեցին ու հրավիրեցին անսամբլ: Այդպես մտա ինձ համար հրաշք երաժտական ասպարեզ: Մեծ պատիվ էր աշխատել մեր մեծերի հետ: Սկսեցի պարի պետական անսամբլի հետ տարբեր տեղեր գնալ հյուրախաղերի: Այնուհետեւ տեղափոխվեցի Սերգեյ Սիմոնյանի  «Մեղեդի» անսամբլ, որից հետո ժողգործիքների պետական անսամբլ, որի ղեկավարը Կառլեն Միրզոյանն էր: Երբ գնացի Մոսկվա` Հայաստանի ու Ռուսաստանի վարպետների համերգներին, աստիճանաբար ծանոթացա Խաչատուր Ավետիսյանի, Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Ռաստրապովիչի հետ. դա կյանքի մեծ դպրոց էր: Հետո ժամանակը եկավ, ու հասկացա, որ դհոլը խփելու գործիք չէ, այն նվագել է պետք:

«85 ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿՈՎ ՎԵՐԱԴԱՐՁԱ»

— Մասնակցել եմ հանրապետական եւ միջազգային բազմաթիվ փառատոների եւ պատվով ներկայացրել եմ Հայաստանը: Խորհրդային Միության տարիներին կար արվեստի հավաքական, միակ հայ ներկայացուցիչը ես էի եւ համաշխարհային ֆոլկլորային փառատոնում Խորհրդային Միությունը ես եմ ներկայացրել: Ամբողջ միությունից մեկ երաժիշտ պետք է գնար, ու ինձ բախտ վիճակվեց, գնացի Սենեգալ ու 85 պետությունների մեջ առաջին տեղի մրցանակով վերադարձա: Այս պահին համագործակցում եմ «Գոհար» անսամբլի հետ: Արժանացել եմ Կալկաթայի պատվավոր քաղաքացու կոչմանը: Կարեն Սերոբիչը հրաշք անձնավորություն էր, նրա միջոցով ծանոթացա այդ ժամանակվա ՌԴ մշակույթի նախարարի հետ, ու այդտեղ ինձ համար բացվեց այլ ասպարեզ: Հնարավորություն ստեղծվեց հանդես գալու տարբեր երաժիշտների հետ:

«ՏԵՍՆԵԻՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՔՈՉԱՐԻ ՊԱՐՈՒՄ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸ»

— Շատ կոչումներ ու մրցանակներ եմ ստացել, բայց ինձ համար ամենամեծ կոչումն այն էր, որ 1992 թվականին` Շուշիի ազատագրման օրը նվագեցի հենց ազատագրված Շուշիում: Արցախյան շարժման օրերին ամեն ինչ թողեցի ու մեկնեցի Արցախ, սպարապետ Վազգեն Սարգսյանը կանչեց ու ասաց, թե Գագիկ դեռ քո ժամանակը չէ, վերադարձիր Երեւան: Մոնթե Մելքոնյանն ինձ ասում էր` դուն խենթ ես, դուն մեզ խաղաղ ժամանակ ես պետք:

Մեկ օր մնալուց հետո կրկին վերադարձա Շուշի: Այնտեղ հասա մայիսի 9-ի լուսաբացին, երբ Շուշին արդեն ազատագրված էր: Դա մեր ամբողջ հաղթանակների խտացումն էր, աննկարագելի մի տեսարան էր, բոլորը արտասվում էին, համբուրում քարերը, գրկախառնվում. այսպիսի տեսարան երբեք չեմ տեսել: Ադրբեջանցիներն արդեն թողել էին Շուշին, մի տուն մտա դհոլ կար, վերցրի, դուրս եկա ու սկսեցի մեր հայկական քոչարին նվագել: Տեսնեիք, թե ինչպես էին քոչարի պարում մեր հերոսները` Մոնթեն, Դուշման Վարդանը, դա մեր հաղթանակի պարն էր: Երբ հետագայում ավելի մոտիկից ծանոթացա Մոնթե Մելքոնյանի հետ, հասկացա, թե ինչ մարդու հետ գործ ունեմ` հայրենասեր, միայն Հայաստանի անունը լսելիս` աչքերից կայծեր էր ճառագում:

«ՀԱՎԱՏԱՑԵ՛Ք, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՄԱՆ ՀՐԱՇՔ ԵՐԿԻՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»

— Աշխարհի 180-ից ավելի երկրներում եմ եղել, հավատացե՛ք, Հայաստանի նման հրաշք երկիր գոյություն չունի, տնտեսական ու քաղաքական խնդիրները մի կողմ թողնենք: Շատ են առաջարկել ԱՄՆ, Ֆրանսիա, նույնիսկ Ստամբուլում ապրել եւ համալսարանում դասավանդել, հրաժարվել եմ, ինձ Հայաստանում շատ լավ եմ զգում: Չնայած վերջին շրջանում գնացել էի Մոսկվա ու որոշել այլեւս չվերդառնալ, բայց երբ իմացա, որ մշակույթի նախարար է նշանակվել Արմեն Ամիրյանը, վերադարձա: Հանդիպեցի նրա հետ, զրուցեցինք, հասկացա, որ գործ ունեմ մտածող մարդու հետ, ով ցանկանում է ամեն ինչ անել` մշակույթը զարգացնելու եւ տարածելու համար: Չեմ փնովում մյուսներին, բայց անձնական համակրանք կա այս անձի նկատմամբ: Երկար ժամանակ ցանկանում էի, որ նմանատիպ մարդ լինի նախարար, ով գնահատում է մշակույթի գործիչներին:

«ԶԵՅՆԱԲ ԽԱՆԼԱՐՈՎԱՅԻ ՀԵՏ ՇԱՏ ՆԿԱՐՆԵՐ ՈՒՆԵԻՆՔ… ԲԱՅՑ ԲՈԼՈՐԸ ՊԱՏՌԵՑԻ… »

— 90-ականներին արվեստը թողեցի ու մտա քաղաքականություն, տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել, բայց այդ ամենը թողեցի, ինձ համար արվեստն է կարեւոր, այն շատ լուրջ բան է, եթե նեղացրեցինք, հետո չենք կարող վերադարձնել: Քաղաքականությունն ու արվեստն անհամատեղելի են, խանգարում են մեկը մյուսին: Շատ մարդկանց հետ եմ աշխատել ու շփվել, այդ թվում` Զեյնաբ Խանլարովայի: Միասին շատ նկարներ ունեինք, բայց երբ տեսա, թե ինչ թշնամական արտահայտություններ է անում, բոլոր նկարները պատռեցի: Ապրիլյան պատերազմի ժամանակ բոլորս էլ տեսանք, թե հայությունն ինչպես համախմբվեց, շատ կցանկանայի, որ համախմբվենք բոլոր ոլորտներում, եւ կտեսնենք, որ հային հաղթել այլեւս չի լինի: Նժդեհն ասում էր, եթե չկերակրես քո բանակին` կկերակրես ուրիշի զինվորին: Ուզում եմ, որ միաբանված միշտ լինենք:

«ԻՆՔՆԵՐՍ ՊԵՏՔ Է ԿԱՌՈՒՑԵՆՔ ՄԵՐ ՏՈՒՆԸ»

— Ճիշտ է, այսօր Հայաստանում ապրող արվեստագետը չի կարողանում սոցիալական խնդիրներ լուծել: Բայց համոզված եմ` մի օր այս բոլոր խնդիրները կլուծվեն: Ազատ երկրում ենք ապրում, ինչն ավելի կարեւոր է մեզ համար, աստիճանաբար սոցիալական զամբյուղն էլ կբարձրանա: Մշակույթում եւ այլ ոլորտներում հրատապ ոչինչ չի լուծվում, ամեն ինչ կլուծվի աստիճանաբար: Ինքներս պետք է կառուցենք մեր տունը: Պատկերացրեք` այսօր գնանք որեւէ սահմանամերձ գյուղ` համերգ տալու, որտե՞ղ համերգ տանք, կա՛մ մշակույթի տուն չունեն, կա՛մ էլ` քարուքանդ է: Եկեք առաջինը մշակույթի տունը կառուցենք: Մշակույթն է մեր ազգը պահել: Ընդհանրապես աշխարհում գիտակից մարդկանց մոտ առանց մշակույթի, ոչինչ չի կարող լինել:

«ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԿԱՆ ՀԱՆՃԱՐՆԵՐ ՈՒ ԱՆՃԱՐՆԵՐ»

— Մեծ պատիվ է մեծանուն երաժիշտների հետ մասնակցել «Նաիրի» համահայկական փառատոնին եւ լինել գլխավոր մրցանակակիրներից մեկը: Շնորհակալ եմ, որ գնահատում են արվեստագետներին: Մեր երկրում կան հանճարներ ու անճարներ, անճարները մտածում են, թե ինչ անեն, սկսում են հանճարներին փնովել, իսկ միջակություններն էլ մտածում են ինչ անեն` հանճարների, թե՞ անճարների կողմն անցնել: Մարդիկ կան, որոնց դեմ պետք է ուղղակի գլուխ խոնարհել, նրանցից շատերը փառատոնի մրցանակակիրներից են:

Աղբյուր ՝ iravunk.com
Զրուցեց՝ ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ