Մրցանակաբաշխություն
  • 00

    Օր

  • 00

    Ժամ

  • 00

    Րոպե

  • 00

    Վայրկյան

(+374) 93 35-23-20

info@nairifest.am

Մրցանակաբաշխություն

  • 00

    days

  • 00

    hours

  • 00

    minutes

  • 00

    seconds

(+374) 93 35-23-20

info@nairifest.am

Ճաշակի մասին չեն վիճում, այլ այն ձևավորում են. Մարտին Վարդազարյանը՝ «Նաիրի» փառատոնի և մերօրյա մշակույթի մասին

Բաժանորդագրվեք բլոգի նորություններին և եղեք տեղեկացված

Ճաշակի մասին չեն վիճում, այլ այն ձևավորում են. Մարտին Վարդազարյանը՝ «Նաիրի» փառատոնի և մերօրյա մշակույթի մասին

Հայկական փառատոների շարքը շուտով կհամալրի ևս մեկը՝ «Նաիրին», որը միտված է նոր որակ ու ասելիք հաղորդել այս դաշտին: «Նաիրին» ընդգրկում է երաժշտարվեստի՝ միանգամից մի քանի ճյուղ՝ ժողովրդական, էստրադա, ջազ, դասական… Գաղափարի հեղինակն ու իրականացնողը հիմնադիր նախագահ Սամվել Հարոյանն է, աջակցում են ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունները, Հայաստանի Կոմպազիտորների միությունը:  Փառատոնն այս տարի սահմանափակվելու է 2 օրով՝ սեպտեմբերի 16-ին և 20-ին:

Այս փառատոնը տարիքային սահմանափակում չունի, կարող են մասնակցել ոչ միայն սիրված ու ճանաչված երաժիշտները, այլև՝ հայտնիության բերկրանքը դեռ չճաշակածները:

Aysor.am-ի զրուցակիցը ժյուրիի անդամ, ՀՀ Ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանն է:

 

— Պարոն Վարդազարյան, այսօր փառատոների պակաս գրեթե չունենք, բավական մեծ քանակությամբ փառատոներ կան: Արդյոք դաշտը բաց էր մնացել, ևս մեկի կարիքը կա՞ր:

— Ես գտնում եմ, որ դրա անհրաժեշտությունը կա, փառատոնը երբեք շատ չի լինում: Սա ոչ միայն հնարավորություն է՝ աշխարհին ու աշխարհի հայությանը ինքներս մեզ ցույց տալու, այլ նաև երիտասարդներին ուշադրության կենտրոնում պահելու: Հավատացեք՝ յուրաքանչյուր փառատոնի կայացման արդյունքում շատ տաղանդավոր երիտասարդներ են բացահայտվում, ովքեր ոչ միայն ճանաչում են ձեռք բերում, այլև իրենք են Հայաստանը ճանաչում: Փառատոնն ավանդական է դառնում, երբ կայանում է երկրորդ անգամ, իսկ երկրորդի ծրագիրն արդեն կա: Ամեն ինչ կամաց-կամաց է հունի մեջ ընկնում. մի արաբ Անգլիայում հարցնում է՝ ինչպե՞ս է, որ ձեզ մոտ այսպիսի գեղեցիկ գազոններ են, ես էլ եմ ուզում: Անգլիացին պատասխանում է՝ շատ հեշտ է, խոտը ցանեք ու 300 տարի հավասար հնձելուց հետո կստանաք այսպիսի գազոն (ժպտում է՝ հեղ.):

— Չկա՞ մտավախություն, որ ամեն մի նոր փառատոնի հետ «փառատոն» գաղափարն իր հետաքրքրությունը կկորցնի:

— Նման բան երևի թե կա, բայց այս փառատոնին դա այնքան էլ չի վերաբերում: Նախնական տեսականորեն մշակված ծրագրով դրանից խուսափելու միջոցներն ուսումնասիրված են. նախորդ տարի ճանաչման կամ հաջողության հասած մասնակիցը հաջորդ տարի միայն հիշեցման կարգով կարող է ներկա լինել, և ոչ ինչ-որ պահանջներով: Այստեղ կարևորն այն է, որ երիտասարդության համար է ճանապարհ բացվելու, ամեն տարի նոր տաղանդավոր երիտասարդներ ի հայտ կգան: Խորհրդային տարիներին յուրաքանչյուր բարձրակարգ արվեստագետ հնարավորություն ուներ ողջ Սովետական միությունով շրջելու, այսօր մնում ենք գրեթե միայն մեր Հայաստանի սահմաններում: «Նաիրին» նպատակ ունի ընդլայնել այդ սահմանները՝ հաջողության հասած մասնակցի առջև բացելով համերգային լայն ասպարեզ:

— Ի՞նչ ծրագիր է սպասվում «Նաիրիի» շրջանակներում, ի՞նչ ստեղծագործություններ են հնչելու: Այնպիսիք, որոնք հանրությանը ծանո՞թ են, թե՞ հատուկ այս փառատոնի համար են գրված լինելու:

— Նախ ասեմ, քանի որ կազմակերպիչներից են Մշակույթի ու Սփյուռքի նախարարությունները, Կոմպոզիտորների միությունը, ապա կլինեն և՛ ստեղծագործողներ, և՛ կատարողներ: Համոզված եմ՝ նախատեսվածից առավել բարձր մակարդակով է անցնելու, սպասելիքներից ավելին կստանանք: Ինչ վերաբերում է ստեղծագործություններին, ապա ընտրությունը կատարողներին ենք թողել, իհարկե, պարտադիր ծրագրի շրջանակներում:

— Հուսանք, նաև ֆիլմային երաժշտություններ կծնվեն, ինչի պակասն այսօր շատ է զգացվում: Մերօրյա ֆիլմերում մեծամասամբ Հայկոյի երաժշտությունն է հնչում:

 

— Դե, դրա համար կարևոր հանգամանք է հանդիսանում նրա ճանաչվածությունը, ստացած երաժշտական կրթությունը, ընկերական շրջապատը… Ֆիլմի երաժշտությունը մի բնագավառ է, որը ուսումնասիրության անհրաժեշտություն ունի: Կինոյում չկա լավ ու վատ, այլ կա ճիշտ երաժշտություն, որն ամեն լավ կոմպոզիտոր չի, որ կարող է գրել: Կինոն ու երաժշտությունը պետք է միմյանց ընտելանան, եթե հետո առանձին սկսեն գնահատել այդ երկուսը, նշանակում է՝ տվյալ ֆիլմը չի ստացվել:

— Փառատոնի բացումը տեղի է ունենալու սեպտեմբերի 16-ին՝ Հանքավանում, որտեղ «Նաիրի» երաժշտական այգի-թանգարանն է բացվելու: Ինչո՞վ է պայմանավորված ոչ մայրաքաղաքային մեկնարկը:

— Սա շատ կարևոր ու ողջունելի քայլ է: Միայն Երևանը չպետք է լինի մշակույթի կենտրոն: Եվ հետո, Հանքավանում այս շրջանում շատ են նաև զբոսաշրջիկները, ովքեր մասնակիցը կդառնան այս միջոցառման:

— Անսովոր է, որ մինչ փառատոնի մեկնարկը՝ այս տարվա դափնեկիրների մեծ մասն արդեն հայտնի է: Դա չի՞ կորցնի հետաքրքրությունը միջոցառման նկատմամբ:

— Կարծում եմ՝ դա ճիշտ որոշում է: Փառատոնն ու մրցույթը պետք չէ նույնացնել, ինքս էլ կողմնակից չեմ, որ փառատոների ընթացքում մրցույթներ լինեն: Ի վերջո, յուրաքանչյուր հաղթանակ ինչ-որ մեկի պարտությունն է, իսկ փառատոնում պարտվողներ չեն լինում: Շատ գեղեցիկ ու շնորհակալ քայլ է՝ գնահատական տալ ժամանակակից տարբեր բնագավառներում գործող արվեստագետներին: Իհարկե, համերգային ծրագիրը կկայանա ու յուրաքանչյուրը կկարողանա իր ընդունակությունները ցույց տալ, բայց վերաբերմունքն էլ կարևոր է: Այն ունի և՛ դաստիարակչական, և՛ գեղագիտական, և՛ ճանաչողական նշանակություն: Սա անհրաժեշտ քայլ է:

— Բոլոր դափնեկիրները Հայաստանի՞ց են, թե՞ սփյուռքահայեր ու արցախցիներ ևս կան:

— Իհարկե, միայն Հայաստանցիներ չեն, այլ տեղերից էլ կան: Չնայած, ես այդ բաժանումներին կողմնակից չեմ, հայը մնում է հայ:

— Մրցանակները նաև ֆինանսակա՞ն տեսքով կլինեն:

— Գիտեք, այստեղ կա նյութականի և բարոյականի խնդիրը: Ինչ գումար էլ որ լինի մրցանակը՝ գնացող է, իսկ բարոյականը մնայուն է: Երբ սկսենք տարբերել այդ երկուսն իրարից, առավել բարձր աստիճանի վրա կհայտնվենք: Իհարկե, ես «վարդագույն ակնոցներով» եմ նայում, բայց հուսով եմ՝ այդպես էլ լինելու է:

— Փառատոնն ընդգրկում է երաժշտական տարբեր ուղղություններ: Հուսանք, ռաբիսն այդտեղ տեղ չի գտել:

— Ես ինձ վերագրում եմ ռաբիսի հետևողական հակառակորդների թվին: Այո, երաժշտական այդ ոճը գոյություն ունի, բայց այն հանել ու ցուցադրել հեռուստացույցով կամ մեծ բեմեր տրամադրել՝ չի կարելի: Այն ունի իր տեղն ու դերը, ունկնդիրը, միջավայրը, իր համար թող ապրի: Գիտեք, պարզունակ բաներն ավելի ընկալելի և վարակիչ են լինում: Իհարկե, ճաշակի մասին չեն վիճում, այլ այն ձևավորում են: Ու եթե մենք մեզանից անկախ՝ ռաբիսը բարձրացնենք փառատոնային մակարդակի, եթեր տրամադրենք, ինքնըստինքյան կնպաստենք ճաշակի այլ ուղու զարգացմանը:

 

— Այդ դեպքում ինչո՞ւ ենք երբեմն ռաբիսն ու այն կրողներին պետական մակարդակով գնահատում…

— Դա էլ դեմոկրատական մոտեցման բացասական կողմն է: Պաշտոնապես արգելումը բողոք է առաջացնում: Ռաբիսի համար այդ ոճի կրողները տեխնիկական հագեցվածություն են ստեղծել, փորձում են մակարդակը բարձրացնել, կեցցե՛ն: Բայց միևնույն է, բովանդակությունն ու էությունն արվեստից ցածր է: Իսկական արվեստը հենվում է բարձրակարգ արհեստի վրա… Համարենք, որ ռաբիսը ճյուղերից մեկն է: Այն գոյություն ունի և արհամարհել չի կարելի, բայց միևնույն ժամանակ չի կարելի օժանդակել նրա բարձրացմանը:

— Պարոն Վարդազարյան, 70-80-ականները հայկական մշակույթի, այդ թվում և էստրադային երաժշտության ծաղկուն շրջաններից են եղել: Այսօրվա երիտասարդությունը որքանո՞վ է նման մշակույթի կրողը, կոմերցիան ու ազատությունը մի կողմ չե՞ն հրել արվեստը:

— Ցավոտ հարց է… Գիտեք, իմ պատկերացմամբ ամենամեծ արգելքները դնում է ազատությունը՝ ես ազատ եմ այնքանով, որ կարող եմ ինքս ինձ արգելել այս կամ այն բանը: Սա է իմ՝ ազատության մասին պատկերացումը: Բայց երբ ազատությունը հասկանում են սանձարձակություն և ամենաթողություն, ապա մակարդակի կորուստի է հանգեցնում: Ուրախ եմ նշել, որ այսօր բոլոր բնագավառներում մենք նաև աճ ունենք, հրաշալի ստեղծագործողներ կան, ովքեր, սակայն, ասպարեզ չունեն: Սեփական հյութում եփվելով՝ իսկապես կարող են սպառվել: Հնարավորությունները հիմա անսահման են, բայց այստեղ արդեն հետաքրքրությունն է կորչում: Երբ 60, 70, 80-ականներին որևէ նոր ձայնասկավառակ, գիրք էր ձեռքներս ընկնում, ընկերներով հավաքվում էինք ու լսում, կարդում, քննարկում, համեմատում: Քանի որ հիմա ամեն ինչ հասանելի է, ոչ ոք ոչնչով չի հետաքրքրվում: Բավական է ինչ որ մի տեղ մի բան ծիլ տա, դա ընդունում են որպես չափանիշ՝ բաց թողնելով ամբողջական երևույթը: Կարծես, թե լայնացել է հնարավորությունների տեսանկյունը, բայց օգտագործումը շատ է սեղմվել ու կենտրոնացել՝ տալով կորուստ… Ժամանակին բոլոր դպրոցներում երաժշտության, արհեստի ու արվեստի դասեր կային, հիմա ամեն տեղ չի, որ այդ առարկան կա: Իսկ անհրաժեշտությունը նկատելի է: Կան բաներ, որ պետք է պարտադրել, սերմանելու ժամանակը շատ կարևոր է:

Աղբյուր՝ Aysor.am

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան