Մրցանակաբաշխություն
  • 00

    Օր

  • 00

    Ժամ

  • 00

    Րոպե

  • 00

    Վայրկյան

(+374) 93 35-23-20

info@nairifest.am

Մրցանակաբաշխություն

  • 00

    days

  • 00

    hours

  • 00

    minutes

  • 00

    seconds

(+374) 93 35-23-20

info@nairifest.am

«Ժողովրդական, աշուղական, ռաբիս կոչվածի բոլոր մեղեդիներն այսօր նույն կաթսայում եփվում են»

Բաժանորդագրվեք բլոգի նորություններին և եղեք տեղեկացված

«Ժողովրդական, աշուղական, ռաբիս կոչվածի բոլոր մեղեդիներն այսօր նույն կաթսայում եփվում են»

Հայկական ազգային նվագարանների մի քանի գործիքներ` դուդուկը, քամանչան, թառը կամ էլ ուդը հաճախ են մեր «հարեւանները» այս կամ այն միջազգային ատյաններում ջանք գործադրում ճանաչելու, որպես իրենց ազգային գործիք: Այդ փորձերը երբեմն ապարդյուն են լինում:

ՀՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի ժյուրիի անդամ ՆՈՐԱՅՐ ԴԱՎԹՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով ազգային նվագարանների պահպանման խնդրին, շեշտեց, որ դրանք երբեմն երկրորդական պլան են մղվում: Ըստ Ն. Դավթյանի, այդ հարցում մեծ քայլ է կատարել Սամվել Հարոյանը` «Նաիրի» համահայկական փառատոնը հիմնադրելով:

— Բոլոր ժամանակներում մի տեսակ 2-րդ կամ էլ` 3-րդական պլան է մղվել ազգային նվագարանային կատարողական արվեստը, սա հայտնի փաստ է, բայց, օրինակ օրերս «Նաիրի» համահայկական փառատոնի շրջանակներում Հանքավանում բացված հայ երաժշտությունը, երգարվեստը, նվագարանները խորհրդանշող բրոնզաձույլ հարթաքանդակների այգին եւ նման միջոցառումները մի տեսակ լույս են սփռում այն հեռանկարի վրա, որ առջեւում ավելի լավ ժամանակներ են լինելու:Image may contain: 1 person, tree and outdoor

— «Նաիրի» համահայկական փառատոնում ժյուրիի կազմում եք, որն ընտրել է  փառատոնի մրցանակակիրներին, պարտավորեցնող չէ՞ ընտրել մեր մշակույթի երեւելիներին, ովքեր Ձեր ուսուցիչներն են եղել:

— Քննարկման արդյունքում ենք եկել ընդհանուր եզրահանգման եւ որոշում կայացրել պարգեւատրել օրինակ` Ջիվան Գասպարյանին, Անժելա Աթաբեկյանին, Վլադիլեն Բալյանին եւ մյուս երեւելիներին: Կամաց-կամաց  կգա մի գեղեցիկ օր, ես էլ կարող եմ ընդգրկվել ոչ թե ժյուրիի անդամ, այլ` մրցանակակիր: Արվեստագետի համար ամեն տարիքում էլ մրցանակը միշտ հաճելի է, այն ուրախացնում է եւ ոգեւորում, դրանից զատ էլ ի՞նչ է պետք արվեստագետին:

«ԵԹԵ ՄԻ ԹԱՌԱՀԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎՈՒՄ Է ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ ԵՄ ՓՈԽԱՐԻՆՈՂ ԳՏՆՈՒՄ»

— Պարոն Դավթյան, ազգային նվագարաններն այսօր հաջողվո՞ւմ է պահպանել:

— Ընդհանրապես ազգային նվագարանները երաժշտական դպրոցներում, երաժշտական ուսումնական հաստատություններում սակավ են: Չնայած, որ վերջին տարիներին, շնորհիվ կառավարության որոշման, շատ երաժշտական դպրոցներում այդ հիշյալ դասարաններում ընդունելությունը դարձավ պետպատվերով, եւ ծնողների փոխարեն վճարում է պետությունը: Իհարկե, դա խթան հանդիսացավ, որ ցանկացողները շատանան թառի, քամանչայի, ուդի, դուդուկի եւ շվիի դասարաններում: Հիմա, օրինակ Կոնսերվատորիայում այդքան էլ վատ չէ վիճակը` քամանչայի դասարանում ունեմ 4 ուսանող, նույնը չի կարելի ասել թառի եւ ուդի դասարանների համար: Օրինակ` քանոնի եւ դուդուկի դասարանները բարվոք վիճակում են, փողայինները նույնպես: Մեր խնդիրը միշտ եղել է թառը, քամանչան եւ ուդը, հիմա եթե հանկարծ պետական նվագախմբում մի թառահար աշխատանքից ազատվում է, դժվարությամբ եմ կարողանում փոխարինող գտնել: Նույնը տեղի է ունենում քամանչահարի եւ ուդահարի դեպքում: Հույս ունեմ, որ երաժշտական դպրոցները, որոնք քրտնաջան աշխատում են այդ ուղղությամբ, հույս են ներշնչում, որ վաղվա օրը լավ է լինելու:

— Բայց ասում են, թե Կոնսերվատորիայում այդքան էլ լավ չէ դասարանների վիճակը, նույնիսկ դասարաններ են փակվում:

— Դա զուտ ազգային նվագարաններին վերաբերող խնդիր չէ: Իհարկե, փողային, դասական գործիքների դասարաններում նույնպես խնդիրներ կան, բայց ես փորձում եմ համեմատական անցկացնել 20-30 տարի առաջվա եւ այժմյան պատկերի միջեւ: Այդ իմաստով մենք բավական նահանջ ունենք, բայց կփոխվեն ժամանակները, եւ կգա պահը, երբ կրկին հանգիստ կարող ենք շնչել: Օրինակ` սիմֆոնիկ նվագախմբերում էլ խնդիրներ կան` խմբերը համալրելու: Համընդհանուր է այդ խնդիրը, բայց դրական տեղաշարժ կա, սա է կարեւորը, սա է ուրախացնում:

«ԱՅՍՕՐՎԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ ԵՐԱԺԻՇՏԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐ ԸՆՏԱՆԻՔԸ ՊԱՀԵԼ»

Image may contain: 8 people, people standing, tree, outdoor and nature— Այսինքն` հիմա ազգային նվագարանների վիճակը լա՞վ է, խնդիրներ չունե՞ք:

— Լիուլի չեմ կարող բնութագրել, որ ամեն ինչ իր տեղում է, իհարկե, կան խնդիրներ, եւ դրանք շատ են, բայց ես լավատես եմ: Խնդիրները համընդհանուր են, առաջնայինը ֆինանսական խնդիրն է: Այսօրվա աշխատավարձը չի կարող բավարարել երաժշտին` իր ընտանիքը պահելու համար, ուստի ստիպված է մի քանի տեղ վազվզել` դպրոցում դասավանդել, եթե հնարավորություն կա նաեւ որեւէ մի ռեստորանում նվագել: Երեւի թե կգա ժամանակը, կգտնվեն մարդիկ, ովքեր էլ ավելի կգնահատեն երաժշտին, ինչպես արեց Սամվել Հարոյանը: Անպայման ինչ-որ մի կայծ պիտի լինի, եւ մենք կտեսնենք դրական արդյունք, կտեսնենք այս ամենի պտուղները: Այսպես երկար չի կարող շարունակվել, որովհետեւ նվագարանային կատարողական արվեստը եւ նվագախմբային արվեստը մեզանում հրաշալի ավանդույթներ են ունեցել, եկել հասել է մինչեւ մեր օրերը, եւ մենք պարտավոր ենք այն պահել ու պահպանել, զարգացնել, մի քայլ առաջ տանել եւ փոխանցել հաջորդ սերունդներին:

— Այսինքն` հիմնական խնդիրը ցածր աշխատավարձե՞րն են:

— Նաեւ կադրերի պակասը, բայց շարժ տեսնում եմ, երաժշտական դպրոցներում թառի, քամանչայի եւ ուդի դասարաններում շատ կան սովորողներ, նրանք արդեն կմեծանան, կգան Կոնսերվատորիա, կավարտեն, հետո կդառնան պետական կոլեկտիվների անդամ:

— Պարոն Դավթյան, հաճախ եք կոչով դիմում հեռուստաընկերությունների ղեկավարներին` անորակ երաժշտություն պրոպագանդելու համար, սակայն վիճակը կարծես թե նույնն է մնում:

Image may contain: 9 people, people smiling, people standing, tree, wedding, suit and outdoor— Հեռուստաընկերությունները ուղղակիորեն հեղեղվել են անորակ կատարումներով եւ երաժշտություններով, ինքս կոչ արեցի հեռուստաընկերությունների ղեկավարներին, որ զերծ մնան փող աշխատելու մոլուցքից` այդ ցածրաճաշակ երաժշտությունները հեռուստաալիքով հեռարձակումից, որովհետեւ դրանով նոր սերունդ է դաստիարակվում: Բայց ամեն ինչ շարունակում է նույնը մնալ, սա անկեղծ ինձ լուրջ մտահոգում է:

«ԳԱՐՇԱՀՈՏ ՄԵՂԵԴԻՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՄԵԶ ՀՐԱՄՑՆՈՒՄ ԵՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

— Գուցե դա է նպաստում, որ մեր ոչ բարեհաճ հարեւանները ամեն անգամ փորձում են մեր Ազգային նվագարանները համաշխարհային ատյաններում իրենցով անել:

— Ինչու ոչ, մեր երաժշտությունը վերցնում են, ասում են` սա մերն է: Շերամի, Սայաթ-Նովայի, Կոմիտասի երգերը ասում են սա մերն է, մեր ազգայինն է: Կամ մեր ազգային նվագարանները սեփականաշնորհում են, ասելով, թե իբրեւ իրենցն է: Պարզապես ծիծաղ է առաջացնում, բայց դրան պետք չէ լուրջ վերաբերվել, որովհետեւ չմոռանանք, որ հարեւան Ադրբեջան երկիրը 100 տարվա պատմություն էլ դեռ չունի: Բայց մյուս կողմից մերոնք լռում են` հակահարված չեն տալիս եւ, ժողովրդական խոսքով ասած` հալած յուղի պես անցնում է: Այո, հաճախ ինքներս ենք նպաստում այդ ամենին` վերցնում են օտարամուտ ազդեցություններով հագեցած մեղեդիներ` ադրբեջանաթուրքական, արաբական, պարսկական երգեր, փոխում տեքստը կամ թարգմանում հայերեն, եւ այդ ինտոնացիաները, այդ լադային  համակարգը, որոնք մեզ պարզապես խորթ են, օտարամուտ են, կապ չունեն մեզ հետ, իբրեւ նորամուծություն է ընդունվում: Բայց լսողն անմիջապես հասկանում է, որ սա հայկական մեղեդու հետ ոչ մի աղերս չունի, օտար է, մերը չէ… Ա՛յ, դրա ամենամեծ մեղավորը մեր հեռուստաընկերություններն են: Օրինակ` Արցախի մշակույթի նախարարը հրաման էր արձակել, որ իրենց հողում ռաբիս երաժշտություն չպետք է հնչի: Ամիսներ առաջ առիթ ունեցա հեռախոսով նրան իմ երախտագիտությունը հայտնելու` հրաշալի գաղափար է: Այո, պետք է մեզ մոտ էլ արգելվի եւ եթե պետք է նույնիսկ` օրենքի ուժով, որովհետեւ սերունդ ենք դաստիարակում: Այսօր ժողովրդական, աշուղական, ռաբիս կոչվածի մատնանշած բոլոր մեղեդիները նույն կաթսայում եփվում են եւ, իհարկե, ո՛չ ժողովուրդը, ո՛չ երիտասարդները չեն կարողանում միմյանցից զատել, թե որն է լավը, որն է ճիշտը, որն է անճաշակը, որն է օտարամուտ ազդեցություններով ստեղծված գարշահոտ մեղեդիները, որոնք մեզ հրամցնում են հեռուստաընկերությունները, այ, սա ամենավատ իրավիճակն է, որում այս պահին գտնվում ենք, սրա մասին պետք է մտածել:

Աղբյուր՝ Iravunk.com

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ